Վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանին հարցրի. «Տիգրան Սարգսյանը արևմտամետ ուղղության ներկայացուցիչ էր, ուստի անխուսափելի՞ էր նրա պաշտոնանկությունը Մաքսային միությանն անդամակցելիս»:
-Առնվազն նա ռուսամետ չէր և միշտ էլ համարվել է ավելի շատ արևմտյան գործիչ: Պարզ է, որ Ռուսաստանը հարցը վաղուց էր բարձրացնում: Մանավանդ, վերջերս էլ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում ասաց, որ Հայաստանն ուզում է վերադառնալ եվրաասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը: Ես կարծում եմ՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի որոշումն ընդունվել է անցալ տարեվերջին՝ փոխել ոչ պոպուլյար կառավարության ոչ պոպուլյար վարչապետին: Սերժ Սարգսյանը շատ պահպանողական է կադրային քաղաքականության մեջ, նա երբեք կտրուկ քայլեր կամ կադրային ջարդ չի արել, անցած տարիների կադրային փոփոխությունները եղել են կամ փոխատեղություններ, կամ փոխվել են կոալիցիայի մյուս անդամների նախարարները: Վարչապետի պաշտոնն ընդհանրապես ամենախոցելին է, նրան սովորաբար առաջինն են զոհաբերում: 2008-2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով քանի՞ վարչապետ փոխվեց: Ցանկացած երկրում հասարակության համար մեկ է, թե ինչու ինքը սկսեց վատ ապրել, ինքն ուզում է նորմալ կյանք և դուրս է գալիս փողոց՝ իր դժգոհությունը հայտնելու: Առաջին զոհը այդ ժամանակ միշտ լինում է կառավարությունը: Տիգրան Սարգսյանը 2008-2009-2010 թթ. կարող էր հրաժեշտ տալ պաշտոնին, եթե Սերժ Սարգսյանը այդքան պահպանողական չլիներ իր կադրային քաղաքականության մեջ: Վեց տարին հսկայական ժամկետ է ցանկացած վարչապետի համար: Եկավ մի պահ, երբ թե ներքին, թե արտաքին պատճառներով որոշվեց փոփոխություն անել՝ թե հասարակությունը, թե քաղաքական ուժերը, նույնիսկ ՀՀԿ-ն սկսել էին հոգնել վարչապետից: Երբ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում գրում էր, որ դեռ փետրվարին է հրաժարականի դիմում ներկայացրել, անկեղծ էր, ուղղակի նրան ասվել է, որ մի քանի կարևոր նախագծեր կան, կավարտվեն՝ նոր: Փաստացի՝ վերջին մեկ ամսում այն վիճակն էր, որ Տիգրան Սարգսյանին կամ զոհաբերում են, կամ ինքն է զոհաբերում իրեն: Չափազանց շատ կամուրջներ նա այրեց հասարակության հետ պարտադիր կուտակային համակարգով, Բրյուսելյան հայտարարությամբ, երբ շատ կանխատեսելի էր ՌԴ-ի արձագանքը, որը լուրջ ձախողում դարձավ, որովհետև Հայաստանի դիրքերն ընդհանրապես թուլացան՝ մեզ ասացին՝ դուք ուրիշ լիգայից եք:
Վիգեն Հակոբյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի ապրիլի 8–ի համարում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ